27.01.2015 թ. շուկայի դիտարկում

Եվրո/դոլար փոխարժեքը ամերիկյան առևտրաշրջանի ընթացքում աճեց մինչև 1,1293 մակարդակը: Ֆորեքս շուկայում դիտվում էր եվրոյով բացված կարճ դիրքերի փակում այսօր փոխարժեքի՝ 1,1096 մակարդակին հասնելուց հետո, որը նվազագույնն է՝ սկսած 2003 թ. սեպտեմբերից: Փոխարժեքը օրվա ընթացքում շտկվեց գրեթե 200 կետով: Եվրոյի փոխարժեքին աջակցեցին եվրո/ֆրանկ կրոս փոխարժեքի մեծ աճը և ֆոնդային ինդեքսների բարձրացումը:

Եվրո/ֆրանկ զույգը աճեց ավելի քան 380 կետով՝ մինչև 1,0167 նիշը: Շուկայում խոսում են, որ այսօր Շվեյցարիայի ազգային բանկը իրականացրել է արժութային ինտերվենցիաներ եվրոյի նկատմամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի թուլացման նպատակով:

Դոլար/իեն փոխարժեքը աճեց մինչև 118,48 մակարդակը, իսկ եվրո/իեն զույգը՝ մինչև 133,68: Փոխարժեքներին աջակցություն ցուցաբերեց ֆոնդային ինդեքսների աճը:

Ֆունտ/դոլար զույգը աճեց մինչև 1,5102: Ֆունտի փոխարժեքին աջակցություն  ցուցաբերեց Անգլիայի բանկի՝ դրամական քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Ֆորբսի հայտարարությունը: Նա համարում է, որ հիմնական տոկոսադրույքը երկրում կարող է բարձրացվել ավելի վաղ, քան դա ակնկալվում է:

Դոլար/կանադական դոլար զույգը աճեց մինչև 1,2484 մակարդակը: Կանադական արժույթի փոխարժեքի վրա ճնշում է գործադրում նավթի գների ցածր մակարդակը:

Գերմանիայի կառավարությունը այսօր հայտարարեց իր կանխատեսման բարձրացման մասին, որը վերաբերում էր 2015 թ. երկրի տնտեսության աճի տեմպերին՝ +1,3 %-ից մինչև  +1,5 %:

S&P վարկանիշային գործակալությունը հայտարարեց Ռուսաստանի համար մեկ կետով վարկանիշի նվազեցման մասին՝ BBB--ից BB+՝ բացասական կանխատեսմամբ: Ներդրումային մակարդակից ներքև վարկանիշի անկում դիտվում է տասը տարվա կտրվածքով առաջն անգամ: Այս նորությունից հետո տեղի ունեցավ ռուսական ռուբլու փոխարժեքի թուլացում:

Այս շաբաթ ներդրողների ուշադրությունը ուղղված կլինի ԱՄՆ ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի նիստի արդյունքների վրա:

Այսօր ակնկալվում է հետևյալ նորությունների հրապարակում՝

ժամը 13:30 (GMT+4)՝ ՀՆԱ-ն Մեծ Բրիտանիայում,

ժամը 18:00 (GMT+4)՝ սպառողների վստահության ցուցանիշը ԱՄՆ-ում: